Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Դա այն հողն է, որի վրա պետք է ամուր կանգնել»

«Դա այն հողն է, որի վրա պետք է ամուր կանգնել»
14.11.2012 | 14:10

Կույր կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր ինքնատիպ ստեղծագործություններով լույս, բարություն, սեր, հայրենաբաղձություն է սերմանում մարդկանց հոգիներում:
Արժանիորեն գնահատելով արվեստագետի ավանդը հայ երաժշտության ասպարեզում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թ. Սիմոն Հովհաննիսյանին պարգևատրել է Մովսես Խորենացու, իսկ մշակույթի նախարարությունը` Ոսկե մեդալներով:
Սիմոն Հովհաննիսյանը ծնվել է 1940 թ. հունվարի 16-ին` Երևանում:
Չտեսնող երեխաների հանրակրթական դպրոցում ուսանելուն զուգընթաց, ապագա երգահանը հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Այնքան մեծ էր գիտելիքներ ձեռք բերելու, սիրված մասնագիտությանը տիրապետելու ձգտումը, որ պատանին հաղթահարում է բոլոր դժվարությունները, յուրացնում երկու դպրոցների բարդ ու ծանրաբեռնված ծրագրերը: Դպրոցական տարիներին Սիմոնը հորինում էր բանաստեղծություններ, մանկական պիեսներ: 1957 թ. գրած «Պրելյուդ և պար» մանկական ստեղծագործությունը Սպայի տանը կայացած մրցույթում արժանանում է պատվոգրի:
1958 թ. Սիմոն Հովհաննիսյանը ոսկե մեդալով ավարտում է հանրակրթական միջնակարգ դպրոցը և գերազանցության դիպլոմով` երաժշտական յոթնամյակը: Նույն թվականին ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժին, միանգամից երկրորդ կուրս` կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի դասարան, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:
Հմուտ մանկավարժ Էդուարդ Բաղդասարյանի խորհրդով և ղեկավարությամբ Սիմոն Հովհաննիսյանը Կոմիտասի ազգագրական գրառումներում որոնեց և գտավ սրտամոտ մեղեդիներ, որոնց հիման վրա ստեղծեց վարիացիաներ, դաշնամուրային ու գործիքային պիեսներ:
Երիտասարդ կոմպոզիտորը համալսարանի պատմության ֆակուլտետում ձեռք է բերում բազմակողմանի գիտելիքներ, ուսումնասիրում է փիլիսոփայություն, համաշխարհային և հայ ժողովրդի պատմություն. ձևավորվում ու հասունանում է Սիմոն Հովհաննիսյան մտավորականը:
1961 թ. Հովհաննիսյանը գերազանցությամբ ավարտում է երաժշտական ուսումնարանը և ընդունվում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին` Էդուարդ Միրզոյանի դասարան: Տաղանդավոր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ Էդուարդ Միրզոյանի դասերը հետաքրքիր էին ու բովանդակալից: Նա ուսանողներին տալիս էր ստեղծագործելու լիարժեք ազատություն:
Տարիներ անց Էդուարդ Միրզոյանը կգրի. «Կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը խստապահանջ է իր նկատմամբ, հավատարիմ է իր սկզբունքներին: Նրա ստեղծագործություններում առկա են գեղեցկությունը, խոր դրամատիզմը և լուսավոր քնարականությունը, կրքոտությունը, զգացմունքների վեհությունն ու անկեղծությունը: Ես Սիմոն Հովհաննիսյանին համարում եմ ազգային դեմք» (Մանուկ Մանուկյան, «Սիմոն Հովհաննիսյան», մենագրություն, Երևան, 2000 թ.):
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին կատարելագործվեց Հովհաննիսյանի կոմպոզիտորական մասնագիտացումը, երգահանը ձեռք բերեց մեծ կտավի գործեր ստեղծելու հմտություններ:
1963 թ. Սիմոն Հովհաննիսյանը գերազանցության դիպլոմով ավարտում է համալսարանը, իսկ 1966 թ. նույնպես գերազանցությամբ` կոնսերվատորիան: Սիմոն Հովհաննիսյանը 1966 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
Մեծ ու փոքր կտավի բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է Սիմոն Հովհաննիսյանը. մեներգեր ու խմբերգեր` գրված դասական և ժամանակակից բանաստեղծների, ինչպես նաև հենց իր` հեղինակի տեքստերով, նվագախմբային ստեղծագործություններ, սոնատներ, պոեմներ, պիեսներ, կվարտետներ, սիմֆոնիկ գործեր: 1972 թ. «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Սիմոն Հովհաննիսյանի «Մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ» երգերի ժողովածուն: 1974-1975 թթ. կոմպոզիտորը գրել է «Բարեկամություն» բալլադը` տենորի, բասի ու դաշնամուրի համար, և «Հոր խոսքը» բալլադը` ձայնի և էստրադային նվագախմբի համար: Խոր դրամատիզմով են հագեցած ալտի, ֆագոտի, ջութակի, թավջութակի համար գրված սոնատները, ալտի, թավջութակի համար գրված պոեմները: «Տոկատին», «Պրելյուդներ և պարեր», «Պրելյուդ և ֆուգա», «Պոեմ», «Սոնատին» (նվիրված է դստերը` դաշնակահարուհի Գայանե Հովհաննիսյանին), «Հայկական մանրանվագներ» դաշնամուրային ստեղծագործությունները կատարել են դաշնակահարներ Արմեն Բայբուրդյանը, Սվետլանա Նավասարդյանը, Գայանե Հովհաննիսյանը: Ի դեպ, «Հայկական մանրանվագներ» ստեղծագործությունը 1987 թ. Չեխոսլովակիայում կայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
Սիմոն Հովհաննիսյանի ստեղծագործությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում լարային չորս կվարտետները: 1987թ. ստեղծված «Թիվ 3 կվարտետը» (նվիրված հեղինակի որդու` ջութակահար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակին) իր մշտական տեղն է գտել Կոմիտասի անվան քառյակի երգացանկում և բազմիցս հնչել Հայաստանում, Շվեդիայում, Գերմանիայում, Շոտլանդիայում, Բելգիայում, ՈՒկրաինայում:
Կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի մեծ կտավի առաջին գործը դիպլոմային աշխատանքն էր` «Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին» (1966 թ.)` սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար` գրված Չարենցի տեքստով: Իսկ 1969-ին` Կոմիտասի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է «Կոմիտասի հիշատակին» սիմֆոնիկ պոեմը, որը հոբելյանական համերգների շրջանակներում կատարել են Հայաստանի ռադիոյի ու հեռուստատեսության և Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբերը: Այս ստեղծագործությունը ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների երրորդ մրցույթում արժանացել է դիպլոմի:
Այնուհետև գրվել են «Սիմֆոնիետ»` նվիրված Ավետիք Իսահակյանի հիշատակին, «Սիմֆոնիա»` գրված կամերային նվագախմբի, հարվածային գործիքների և երգչախմբի համար (1990 թ.)` նվիրված հեղինակի հոր` Պարգև Հովհաննիսյանի հիշատակին: Այս ստեղծագործությունը հնչել է 1992 թ. Երևանի կամերային նվագախմբի և Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների երգչախմբի կատարմամբ: Փողային և հարվածային գործիքների համար գրված «Ֆանֆարներ» գործը կատարվել է Արամ Խաչատրյանի 90-ամյակի առթիվ կազմակերպված փառատոնում: 1993 թ. ստեղծվել է «Այրիվանք» սիմֆոնիկ նախերգանքը: 2010 թ. երկու ֆլեյտայի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունն արդեն մի քանի անգամ հնչել է Գերմանիայում: 2010 թ. ստեղծված գործերից է նաև «Տրիոն»` դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար:
2000 թ. կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ երաժշտագետ Մանուկ Մանուկյանը հրատարակել է «Սիմոն Հովհաննիսյան» մենագրությունը: Գրքում հանգամանորեն ներկայացված է կոմպոզիտորի ստեղծագործական ուղին:
1976 թ. Սիմոն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների երգչախումբը, ապա ժողովրդական գործիքների նվագախումբը: Երգչախմբի երգացանկը բազմազան է` հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կոլեկտիվը տասնյակ կոմպոզիտորների գործերի առաջին կատարողն է եղել: Ծրագրում ընդգրկված են նաև Սիմոն Հովհաննիսյանի մի շարք երգեր:

- Պարոն Հովհաննիսյան, ստեղծագործելիս ո՞րն է առաջնայինը` թեմատիկա՞ն` չափածո կամ արձակ, թե՞ մեղեդին։
-Երբեմն գրում են երաժշտությունը, ապա ընտրում բանաստեղծությունը, հարմարեցնում մեղեդուն: Թերևս նման պարագայում երգը լրջորեն տուժում է: Բանաստեղծությունը պետք է հուզի, ոգևորի, ներշնչի, ապա միայն երգ դառնա: Իհարկե, օգտվել եմ մեր դասականների` Ավ. Իսահակյանի, Հր. Հովհաննիսյանի, Գ. Սարյանի, Տերյանի պոեզիայից: Երգերիցս մի քանիսի տեքստերն ինքս եմ հորինել:
-Հայաստանի Հանրապետության վերջին քսան տարիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական անբարենպաստ պայմանները չե՞ն ամլացնում ստեղծագործ միտքը` առօրյա կենցաղային, տնտեսական հոգսերի մեջ չի՞ վատնվում արարման թանկ ժամանակը:
-Ստեղծագործելու համար անհրաժեշտ են որոշակի բարենպաստ պայմաններ։ Բացի այդ, երաժշտությունը ստեղծվում է, որպեսզի հնչի, հասնի ունկնդրին: Այսօր ոչ մի ստեղծագործական կոլեկտիվ չի կատարի գործդ, եթե ֆինանսական հարցեր չլուծես: Կարծում եմ, արվեստն ու առևտուրն անհամատեղելի են: Արվեստը պետք է հովանավորվի պետության կողմից:
-Ճիշտ է, հայ ժողովրդական, գուսանական երգեր հաճախ են հնչում հայկական ռադիո և հեռուստաալիքներով, բայց, ցավոք, հայ դասական երաժշտությունը գրեթե անծանոթ է ունկնդրին: Չէ՞ որ կարելի է հաղորդաշարեր պատրաստել հայ կոմպոզիտորների ստեղծագործական կյանքի մասին, նաև ներկայացնել ժամանակակից դասականներին` Միրզոյան, Հարությունյան, Ամիրխանյան, ավագ, միջին և կրտսեր սերնդի երգահաններին:
-Արվեստի համաշխարհային արժեքները ճիշտ գնահատելու համար նախ անհրաժեշտ է ծանոթանալ սեփական արմատներին, ազգային մշակույթին: Դա այն հողն է, որի վրա պետք է ամուր կանգնել:
-Ոչ միայն երաժշտական, այլև հանրակրթական դպրոցներում պետք է մեծ ուշադրություն դարձնել երաժշտական դաստիարակությանը, որը, կարծում եմ, կնպաստի մշակութային կյանքի զարգացմանը, մշակութային հասարակության ձևավորմանը: Հուսանք, որ կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ մի քիչ երաժիշտ կլինի:
-Եթե ոչ երաժիշտ, ապա գոնե երաժշտասեր: Երաժշտությունը մարդուն անկեղծ, բարի ու մարդասեր է դարձնում: Պատահական չէ, որ թե՛ տխուր, թե՛ ուրախ պահերին մեզ ուղեկցում է հատկապես երաժշտությունը:


Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ